29 06 2020

Արման Բաբաջանյանին ձեր ցուցակ ընդգրկելուց առաջ այդ մասին նրա կարծիքին տեղեկացվե՞լ եք արդյոք. Ավետիք Իշխանյանը` ԼՀԿ-ին

Արման Բաբաջանյանին ձեր ցուցակ ընդգրկելուց առաջ այդ մասին նրա կարծիքին տեղեկացվե՞լ եք արդյոք. Ավետիք Իշխանյանը` ԼՀԿ-ին

168.am-ը գրում է. Ս․թ․ հունիսի 27-ին կարդացի, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության, ներեցեք, «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպում է ունեցել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպման բուն թեման եղել է՝ Արցախը հանձնել Ադրբեջանին։ Այլ կերպ չես կարող մեկնաբանել Արման Բաբաջանյանի առաջարկությունը, թե Արցախի հարցը պետք է լուծվի Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն», իսկ իրականում՝ «Հայաստա՞ն, թե՞ «խաղաղություն»» հոդվածի հայեցակարգին համապատասխան։ Հրապարակմանը հետևեց՝ ինչպես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամլո քարտուղարի հերքումը, այնպես էլ իր՝ Արման Բաբաջանյանի հերքումն առ այն, որ ինչ-ինչ մարդիկ իրենց էջում կեղծ լուր են տեղադրել։ Հակված եմ հավատալ Արցախի նախագահին, սակայն արդյոք Արման Բաբաջանյանն անկե՞ղծ է և արդյոք այդ «կեղծ» հրապարակումով չի՞ փորձել հանրության տրամադրությունները ստուգել, և ինքնուրո՞ւյն է գործել, արդյոք։

Համենայն դեպս, հետևելով այդ գործչի գործունեությանն ու նրա լրատվամիջոցի գաղափարախոսությանը՝ անձամբ ես ավելի քան հիմնավոր կասկածներ ունեմ։ Արդեն սկսում ես իսկապես հավատալ դավադրությունների տեսությանը։ Հիշեցի 2007թ․ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Այլընտրանք» դաշինքի սկզբունքները․ Դաշինքն առաջնորդվում էր ՀՀ Սահմանադրության և Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի դրույթներով։ 2008թ․ ինչպես Նիկոլ Փաշինյանի «Հայկական Ժամանակ», այնպես էլ Արման Բաբաջանյանի հիմնադրած «ժամանակ» օրաթերթը Լևոն Տեր-Պետրոսյանի քարոզչամեքենաներն էին։ Հետագայում, քաղաքականապես հեռանալով Լևոն Տեր-Պետրոսյանից, կարծում էի, որ Նիկոլ Փաշինյանը նրանից հեռացավ նաև գաղափարապես։ Արդյո՞ք․․․ Արդյո՞ք Արցախի հարցի այնպիսի լուծում, որ կբավարարի և Հայաստանի և Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, չի տանում դեպի «Հայաստա՞ն, թե՞ «խաղաղություն»» հայեցակարգին։

Չակնկալելով հիմնավոր պատասխաններ, ամեն դեպքում հրապարակային ձևով դիմում եմ հայաստանյան տարբեր քաղաքական ուժերին և գործիչներին․

  1. «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ու նրա ղեկավար Էդմոն Մարուքյանին․

Հարգելի Էդմոն Մարուքյան և լուսավորականներ, ձեր կուսակցությունը, բացի լիբերալ-ազատական գաղափարախոսությանը դավանելուց, ի՞նչ մոտեցում ունի Արցախի հարցում։ Համաձա՞յն եք՝ Արցախի թեկուզ ամենալայն ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Եթե ոչ, ապա Արման Բաբաջանյանին ձեր ցուցակ ընդգրկելուց առաջ այդ մասին նրա կարծիքին տեղեկացվե՞լ եք արդյոք։

  1. «Սասնա Ծռերի» հենքի վրա ստեղծված «Ազգային-ժողովրդավարական» դաշինքի անդամներին։

Հարգելի ազգային-ժողովրդավարներ, դուք արձագանքում եք ցանկացած հայտարարության, գործողության, որոնք ըստ ձեզ՝ վտանգում են Արցախը։ Ավելին, դուք կողմ եք Քուռ-Արաքսյան միացյալ Հայաստանին։ Սակայն անհասկանալի լռություն եք պահպանում ԱԺ պատգամավորի նախաձեռնությանը։ Եթե համոզված եք, որ այն կեղծ է, ապա ինչո՞ւ եք հավատում և տարածում տարբեր «հեղաշրջումների» մասին չստուգված լուրերը։

  1. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Իմ Քայլը» խմբակցության անդամներին․

Հարգելի Նիկոլ Փաշինյան և իմքայլականներ։ Խնդրում եմ հստակ հայտարարել, արդյոք ձեզ համար ընդունելի՞ է Արցախի հարցի լուծման այնպիսի տարբերակ, որ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Թե՞, եթե այդպիսի լուծմանը «հավանություն» տան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդները, ապա․․․ Կուզենայի հիշեցնել, որ այդպիսի «լուծում» արդեն ունեցել ենք 1923թ․, երբ Արցախում անցկացվեց «հանրաքվե» Արցախն Ադրբեջանի կազմում լինելու վերաբերյալ։ Թե՞, հարգելի իմքայլականներ, դուք այնքան եք վստահում ձեր առաջնորդին, որ, եթե նա մեկ նախադասություն էլ ներկայացնի ԱԺ, դուք կողմ կքվեարկեք։

  1. Արցախի Նախագահ Արայիկ Հարությունյանին, նորընտիր իշխանություններին, այլ քաղաքական գործիչներին (իհարկե, ոչ մի դեպքում Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի ընտրյալ ներկայացուցիչներ)․

Հարգելի նախագահ Արայիկ Հարությունյան և արցախցի գործիչներ, վստահելով ձեր սկզբունքայնությանը, բայց խնդրում եմ բացատրել, ի՞նչ իմաստ ուներ ամենաբարձր մակարդակով ընդունել «Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամներին և նրա դասալիք ղեկավարին։ Ի դեպ, միայն նախաձեռնության անվանումն ինքնին կասկածներ է հարուցում՝ ոչ թե հանուն Հայաստանի (նկատի ունեմ Հայաստանի Հանրապետություն և Արցախ), այլ հանրապետության։ Ի դեպ, նախաձեռնության էջում ոչ մի բառ չկա Արցախի մասին։ Իսկ, այսպես կոչված, «հանուն հանրապետության», կարգախոսը, հավանաբար համահունչ է Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի թեզերին։

Համոզված եմ, որ հնչեցրած հարցերը մնալու են հռետորական և ոչ մի տրամաբանական պատասխանի չեն արժանանալու, լավագույն դեպքում՝ «մենք որ․․․ դուք ո՞ւր էիք, մենք գիտենք ինչ անել, էդ ձեր ․․․», և վիրավորանքներ, հայհոյանքներ և այլն։

Իսկ ես խիստ անհանգստացած եմ, եթե Արցախի հարցում միասնական չլինենք և, ներեցեք, եթե «ատամներով» չպահպանենք Արցախի անկախությունը և եթե առաջնորդվենք «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի թեզերով, ապա հավատացած եղեք, Հայաստանը մոտ ապագայում կվերածվի թուրքական վիլայեթի։

Հ․Գ․ Հայտնի հաղորդագրության մեջ հանդիպման մասին կար նաև «ոչ կեղծ» տեղեկություն․ «Բաբաջանյանը կարևորել է նաև երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և պարտադիր զինվորական ծառայության պատշաճ կատարումը»: Հայկական բանակում ծառայած և բարձր արդյունքներ գրանցած, ռազմական մեծ փորձառություն ունեցող, ռազմական բարձր մակարդակի փորձագետի հետ նման քննարկումներն իսկապես շատ կարևոր են։



 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ